Կարծիք

17.02.2012 09:34


Բանկեր առանց սահմանի կամ` «Թաղման վարկի մասին» օենքի նախագիծ

Բանկեր առանց սահմանի կամ`  «Թաղման վարկի մասին» օենքի նախագիծ

 Շատ ենք խոսել այն մասին, որ անշարժ գույքի շուկայում բնակտարածքի մեկ քառակուսի մետրի արժեքը տատանվում է 500-1000, 1200-2000 թվերի միջակայքում (ԱՄՆ դոլարով)` նայած բնակտարածքի տեղին ու ու որակին: Կարելի է բնակտարածքը գրավ դնել եւ բանկից համապատասխան գումար (վարկ) ստանալ այն գնելու համար:

Անշարժ գո՞ւյք է, արդյոք, շիրիմը` մարդու վերջին եւ հավերժական կացարանը: Միանշանակ` ոչ: Մարդն այն ձեռք է բերում ոչ իր կամքով, այլ Աստծո եւ, բնական է, որ վճարել դրա համար պարտավոր չէ: Սակայն, չգիտես ինչու, ՀՀ քաղաքացիները ստիպված են վճարել մի բանի համար, որի մասին խոսելիս, միաբերան նույն բանն են ասում` հեռու տնից-տեղից:

Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ստիպված են վճարել ոչ թե այն պատճառով, որ օրենքի պահանջն է դա, այլ որովհետև գերեզմանատների ղեկավարությունն է այդպես պահանջում: Երեքը չորսի վրա տարածք ե՞ս «ուզում», խնդիր չկա, 2000-2500 դոլար` նայած վերջին հանգրվանի տեղին ու դիրքին, նայած «հարևանների» որակին, նայած` ճանապարհ կա՞ այնտեղ հասնելու, թե՞ ոչ: Մնում է մտածել, որ եթե տարածքը նաև լուսավորություն, տաք-սառը ջուր եւ գազաֆիկացիա ունենար, այդ գինը կտատանվեր 20-25 հազարի սահմաններում: Բա ո՞նց անենք: Գուցե բանկե՞րն օգնեն, վարկ տան: Խնդիր չկա, շիրիմի «սեփականության» վկայականը զալոգ կթողնենք բանկում, մինչև վարկը փակելը: Ես, օրինակ, համաձայն եմ, որ ՀՀԿ-ական պատգամավորները 20 հոգու փոխարեն էլ քվեարկեն, միայն թե այսպիսի օրենք ընդունվի` «Թաղման վարկի մասին օրենք»:

Իսկ քանի դեռ նման օրենք չի ընդունվել, մեր սիրելի ոստիկանությանը, եւ նրա պետին` որն իր ենթականերին հորդորում է հենվել ժողովրդի աջակցության վրա, կխնդրեինք «Ցունամի» օպերացիա կազմակերպել ոչ միայն 01-99 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ լրագրողին, կորած-մոլորոծ բուհի պատմության ֆակուլտետի դեկանին եւ մնացած 50 դրամ շորթողներին, այլև Գաբրիել հրեշտակապետի հետ գործ անողներին «հայտնաբերելու» եւ բերման ենթարկելու ուղղությամբ:

Նախապես ասենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանին չի կարելի այս գործին մոտ թողնել, որովհետև վտանգ կա, որ ոչ միայն «տեղի» գործ անողներին, այլև Գաբրիել հրեշտակապետին կբերի օրինական դաշտ եւ մենք ստիպված կլինենք ավելացրած արժեքի հարկ վճարել մեր հավերժական հանգրվանի համար:

Չի բացառվում, որ մեր այս դիտարկման հետ չհամաձայնեն սոցիալական ապահովության ոլորտի աշխատակիցները, պատճառաբանելով, թե մահացած մարդու հարազատներին միանվագ գումար է տրվում` հուղարկավորության ծախսերը հոգալու համար` «թաղման փող»: Շատ ներողություն, իհարկե, բայց սրանք էլ, մինչև այդ գումարը տալիս են, հանգուցյալն արդեն հող դառած է լինում: Դեռ չենք խոսում այն մասին, որ երբեմն նույնիսկ անամոթաբար «մաղարիչ» են ուզում սգավոր հարազատից` գումարը շուտ տալու համար:

Բայց շատ էլ դարդ անելու չի: ՀՀ քաղաքացիները կարող են մինչև «Թաղման վարկի մասին» օրենքի ընդունումը «հանգիստ» որոշում կայացնել եւ էն աշխարհ գնալ իրենց հարմար հարմար պահի: Մեր հարազատ պետությունը գործող օրենք ունի, ըստ որի անթաղ մեռելներ չպիտի լինեն: Այդ նպատակով անվճար տեղեր են հատկացվում այսպես կոչված բաց գերեզմանատների հետ ընկած թաղամասերում` 2.5x3 չափսի «խրուշչովկաներ», որտեղից, ճիշտ է, Մասիսը չի երևում, բայց փոխարենը ապագա «բնակչին» այնտեղ են հասցնում ձեռքերի վրա:

Ողորմի բոլոր անցավորներին: Չնեղանա՞ն ինձնից: Բայց ի՞նչ նեղանան, ախր, ո՞վ պիտի նրանց խոսք հասցնի այն մասին, թե ինչ է տեղի ունենում իրենցից հետո: Վերջին հաշվով բոլորն են այնտեղ գնում ոտքերն առաջ եւ սուսուփուս: Այդ մենք ենք, որ մեր կենդանության օրոք այսպես փոթոթվում ենք, բողոքում, նեղսրտում, հոդված գրում անարդարությունից: Թաղվելն ի՞նչ է, նույնիսկ թաղվելը նրանց հոգսը չէ, այլ մեր`դեռևս ապրողներիս, որ այսքան սխալ ենք ապրում կյանքն ու նույնքան էլ սխալ մեռնում` աջուձախ փողեր բաժանելով կամ բաժանվող փողերից փայ փախցնելով:

 Էդիկ Անդրեասյան

 Հ.Գ. Չգիտեմ` ում համար գրեցի այս ամենը` վարչապետի՞, ոստիկանապետի՞, սոցապ նախարարի՞… Ես միայն գրելու պատճառը գիտեմ: Հեռավոր ծանոթիս հարազատն էր մահացել ու պիտի թաղեին: Մարդը մեռելը թողած` հախուհաշիվ էր անում, պարտքով փող փնտրում` ուղիղ 2500-անոց էին առաջարկել: Բա ի՞նչ աներ: Այ որ բանկերը «վարկ» տային, թեկուզ բարձր տոկոսով, ախուվախն այսքան մեծ չէր լինի, եւ մենք էլ Գաբրիել հրեշտակապետի առաջ իզուր վատամարդ չէինք դառնա:  

Այս խորագրի վերջին նյութերը